Այսօր «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում, ի թիվս այլ ֆիլմերի, կցուցադրվի Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով նկարահանված համանուն երաժշտական անիմացիոն ֆիլմը (Հայաստան, 2014, ռեժիսորներ՝ Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց): Պատմությունը երկու իրար սիրող երիտասարդ հերոսների՝ հովվի աղջիկ Անահիտի և արքայազն Վաչագանի մասին է։ Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը թագավորի որդուն՝ Վաչագանին սովորեցնում է գնահատել արհեստը։ Հանուն սիրած աղջկա Վաչագանը դառնում է գորգագործ և, անցնելով մի շարք փորձություններով, պարտության է մատնում չար ուժերին։ Ի վերջո, արքան միայն այն մարդը չէ, ով թագավորում է, այլև նա, ով արարել, կառուցել ու սիրել գիտի:
«Անահիտ» անիմացիոն ֆիլմն ընդգրկված է 7-րդ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում:
«Անահիտը» կցուցադրվի ժամը 18։00 -ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում: